Նախագահ Թրամփի աշխարհը որոշակիորեն նման չէ թեկնածու Թրամփի աշխարհին: Երևի դա նախընտրական խոստումների ճակատագիրն է՝ թափով ասված, ավելի շատ բնազդից բխած, քան աշխարհաքաղաքական նրբությունների իմացության՝ գրում է Ֆիլիպ Ժելեն Le Figaro-ում: Հասկանալի չէ՝ ի՞նչն է շատ, պարզամտությո՞ւնը, թե՞ թեթևամտությունը Թրամփի հայտարարություններում, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները «պատմական նվազագույն մակարդակում» են: Ապշեցուցիչ է մարդու համար, որ ուժեղ տպավորություն էր թողնում՝ հայտարարելով, որ ցանկանում է կառուցողական գործընկերություն հաստատել Վլադիմիր Պուտինի հետ, ում պետքարտուղարը ճռռալով իր առաջին այցը կատարեց Մոսկվա:
«ՆԱՏՕ-ն այլևս հնացած կազմակերպություն չէ»՝ հայտարարեց ԱՄՆ նախագահը՝ իրեն վերագրելով ալյանսի անդամների ներդրումների աճն իրենց սեփական պաշտպանության մեջ և ուշադրության մեծացումը հակաահաբեկչական պայքարին: Զուգահեռ Չինաստանը, որի դեմ առևտրական պատերազմ էր խոստացվել, հանկարծ դարձավ դասարանի օրինակելի աշակերտը հանգստյան օրերի «դրական ալքիմիայից» հետո, որ անցկացրեց նախագահ Սի Ցզինպինը Ֆլորիդայի Մար-ա-Լագո դաստակերտում: Ոմանք այս ամենը համարում են իրականության վերադարձի հուսալի նշան՝ կառավարության «սթափ» ուղեղների ազդեցության տակ և մատնանշում են նախագահի ազդեցիկ փեսա Ջարեդ Քուշներին՝ գեներալների ու ձեռնարկատերերի նրա կոալիցիայով՝ Մետիսից մինչև ՄակՄաստեր ու Թիլերսոն: Սթիվ Բենոնի՝ արագությունը կորցրած պոպուլիստ գաղափարախոսի, ճակատագրի անորոշությունը հաստատում է Թրամփի նախագահության «նորմալացման» գործընթացը:
«Նա տեսաբան չէ և իրերին նայում է որոշակի ռացիոնալ անկյունից,- բացատրում է Սպիտակ տան պատասխանատու աշխատողներից մեկը:- Նախագահը նրանց թվից է, ովքեր հնարավորություններ են տեսնում այնտեղ, որտեղ մեծամասնությունը դժվարություններ է տեսնում»: Նրա փոփոխամտությունն արդարացվում է օգուտներով, որ հույս ունի ստանալ:
Թրամփը «գլխավոր բանակցողն» է և նրա հիմնական խոստումն է, որ ամերիկացիները լավագույն «գործարքներից» ստանան շահույթներ, որ գերազանցում են բոլոր մյուսներին: Փաստորեն՝ ալյանսների ու ուժերի փորձարկման տեսակետից՝ Թրամփի օրոք սլաքն անընդհատ շարժվելու է: Սիրիայի հարցով նրա վարչակարգը նվազագույնը հինգ տարբեր դիրքրորոշումներ է շարադրել վերջին երեք շաբաթներին: Ընդհուպ մինչև հանկարծակի ռազմական միջամտություն՝ «Ամերիկան ամենից առաջ» սկզբունքի ջատագովի կողմից: Ռուսաստանին տարածության վրա պահելու նրա այսօրվա հակումը մասամբ բացատրվում է հետաքննություններով, որ վարում են ԿՀՎ-ն ու Կոնգրեսը՝ իր նախագահական ընտրարշավի ու Կրեմլի գաղտնի կապի կասկածով: Բայց նրանք դեռ ոչինչ չեն արձանագրել: «ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները կստացվեն: Անհրաժեշտ պահին բոլորը ուշքի կգան և մեր միջև հաստատուն խաղաղություն կլինի»՝ հինգշաբթի օրը գրել է Է Թրամփը Twitter-ի իր էջում:
Ֆիլիպ ԺԵԼԻ, Le Figaro
Հ.Գ. Սիրիայի Իդլիբ նահանգի հրթիռակոծումից հետո ԱՄՆ նախագահը երկրորդ անակնկալը մատուցեց՝ հարվածելով Աֆղանստանին ճիշտ այն օրը՝ ապրիլի 14-ին, երբ Մոսկվայում հրավիրվել էր միջազգային համաժողով: Ռուսաստանը 12 երկրների ներկայացուցիչների հրավիրել է Մոսկվա՝ քննարկելու Աֆղանստանում ազգային հաշտության հասնելու հարցերը, իշխանության ու «Թալիբան» շարժման միջև ուղղակի բանակցություններ սկսելու հնարավորությունները: Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի պաշտոնակատար Մարկ Թոները հայտարարեց, որ ԱՄՆ-ը չի մասնակցի՝ համարելով, որ պարզ չէ հանդիպման նպատակը, Ռուսաստանը փորձում է միակողմանիորեն ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում: Փաստորեն Աֆղանստանի ռմբակոծումը երկրորդ պատասխանն է Մոսկվային՝ Իդլիբից հետո: Երրորդը Թրամփը խոստանում է դարձնել Հյուսիսային Կորեան՝ կանխելու միջուկային զենքի հերթական փորձարկումը: NBC-ին հաղորդել է՝ ԱՄՆ հատուկ ծառայություններին հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին Փհենյանը պատրաստվում է միջուկային զենքի փորձարկում անցկացնել: Կորեական թերակղզու մոտ ԱՄՆ նավատորմը երկու ավիակիր է տեղակայել: Օդուժից բացի՝ ավիակիրներն ունեն Tomahawk հեռակառավարվող հրթիռներ: Ապրիլի 16-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը մեկնում է Սեուլ՝ Հարավային Կորեայի ղեկավարների հետ քննարկելու Կորեական թերակղզու իրավիճակը: Ո՞վ կկանգնեցնի Դոնալդ Թրամփին, նրա հերթական խաղալիքն են դարձել ռումբերն ու հրթիռները, նա հոգնել է խաղաղարար խաղալուց, կամ՝ հասկացել է Ամերիկան «մեծ դարձնելու» իր կարգախոսը արագ կատարելու միջոցը՝ աջ ու ձախ ռազմական ուժի ցուցադրություն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ